Իսպանական ֆուտբոլի առաջնությունում որքան էլ առաջատար եռյակը շարունակում է մյուսների հետ ակնհայտ գերազանցության դիրքերից խոսել («Բարսելոն»-«Վալյադոլիդ»` 4:1, «Աթլետիկո»-«Սելտա»` 2:1, «Լևանտե»-«Ռեալ»` 2:3), այդուհանդերձ այնպես չէ, որ այստեղ ինտրիգն իսպառ մարել է: Հաջողված, թե ոչ, յուրաքանչյուրը հերոսանալու իր փորձն անում է. սա` մեկ, և երկրորդ, եռյակում եղած ինտրիգն արդեն իսկ բավական է իսպանական առաջնությունից աչք չկտրելու համար, սպասելով, թե դեռ ինչքան պիտի «Աթլետիկոն» հաղթանակ հաղթանակի հետևից տոնի` «Բարսելոնի» պոչին նստած մնալով (երկուսն էլ ութ խաղից ունեն նույնքան հաղթանակ), ու դեռ որքան պիտի «Ռեալը» համակերպված մնա երրորդ տեղին:
Իսկ գուցե իսպանական առաջնությունում եկել են պատվանդանից հին կուռքերին գլորելու ու նոր կուռքերի երկրպագելու ժամանակնե՞ր: Գուցե պատուհանից այն կողմ հեղափոխություն է, ու այդ մե՞նք են քնած մնացել ուղտի ականջում: Ի՞նչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս: Այնպես որ, չշտապենք ու փութկոտ չլինենք մեր եզրակացություններում, պահպանենք «կապրենք` կտեսնենք»-ի խոհունությունը: Սակայն թող հանկարծ տպավորություն էլ չստեղծվի, թե այստեղ ուրիշ հետաքրքիր բաներ չկան կամ չեն ուրվագծվում: Չմանրամասնեմ, բայց և խոստանամ, որ դրանց կանդրադառնամ մեկ այլ պատեհ առիթով:
ՈՒթերորդ տուրը բունդեսլիգայում նշանավորվեց նրանով, որ արտագնա խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» 0:2 հաշվով կրած պարտությունից հետո Դորտմունդի «Բորուսիան» առաջատարի դիրքերը զիջեց Մյունխենի «Բավարիային», որին, առաջին հորիզոնական դուրս գալու համար, հյուրընկալվելիս լիովին բավարարեց «Բայերի» հետ խաղացած ոչ-ոքին` 1:1: Ինչ խոսք, ունեցած քաշ ու կշռով վերջինս ամեն մեկի ատամի բանը չէ (հենց միայն մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում նրա գտնվելը ձեզ փաստ ու փաստ), բայց դե «Բավարիան» Եվրոպայի չեմպիոնների գավաթին տիրանալուց հետո բոլորիս պատկերացումներում անհամեմատ բարձր ճախրի թռչուն է դարձել հանդիպման 1:1 հաշիվը հասկանալու համար:
Սկուդետայում շարունակում է ամենաբարձրը հնչել «Ռոմայի» ձայնը: Ի՜նչ արժեր միայն «Ինտերին» նրա իսկ հարկի տակ երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնելը, և ի՜նչ երկրորդ գարուն է ապրում թիմի լեգենդ Ֆրանչեսկո Տոտին, ով դարձավ երկու գոլի հեղինակ: Իտալիայի առաջնությունում զարգացումներից ամեն կերպ աշխատում է հետ չմնալ և «Նապոլին»` Չեմպիոնների լիգայում «Չելսիից» օրեր առաջ կրած պարտության դառնությունը փորձելով մեղմել «Լիվոռնոյի» նկատմամբ տոնած հաղթանակով (4:0): Հասկանալի է, որ «Լիվոռնոն» «Չելսի» չէ, սակայն, մյուս կողմից էլ, եթե նայես, հաղթանակը կա ու մնում է հաղթանակ: Սակայն իտալական առաջնության յոթերորդ տուրի ամենասպասված հանդիպումը «Յուվենտուս»-«Միլան» դիմակայությունն էր, և այստեղ բնավ էլ նշանակություն չուներ, որ միլանցիները շատ անհաջող են մեկնարկել ու երկրորդ տասնյակում են: Խաղը շատ բուռն ընթացք է ունեցել: Զարմանալի նշանառությամբ Սալի Մունտարին խաղի սկիզբն ու ավարտը վկայող առաջին ու վերջին րոպեներին գրավել է մրցակցի դարպասը, սակայն ընթացքում թուրինցիները հաջողեցրել են երեք գոլ խփել, ինչն էլ, բնականաբար, ապահովել է նրանց հաղթանակը:
Լարվածությամբ շարունակում է հմայել անգլիական պրեմիեր լիգան, որը եվրոպական ֆուտբոլի թերևս ամենադիտարժան առաջնությունն է: «Վեստ Բրոմվիչի» հետ «Արսենալի» ոչ-ոքին (1:1) իր համար առավել արդյունավետությամբ օգտագործեց «Լիվերպուլը»` 3:1 հաշվով առավելության հասնելով «Կրիստալ Պալասի» նկատմամբ ու հասնելով նրան, որ արդեն առաջին երկու տեղերն է կիսում Արսեն Վենգերի թիմի հետ:
Իր գործողություններում պակաս նպատակային չեղավ և «Նորվիչ Սիթիին» հյուր գնացած «Չելսին» (1:3): Իհարկե, Անգլիայի առաջնության մասին խոսել ու բավարարվել լոկ այս առաջատար եռյակով խոշոր մոլորություն կլինի, քանզի նրանց մերձ հեռավորությամբ հետևում է թիմերի բավականին պատկառազդու կազմ, և յուրաքանչյուր վերելք կամ վայրէջք սպառնում է աղյուսակի էական փոփոխություններով (ասվածը հավաստեմ թեկուզ միայն «Տոտենհեմի» օրինակով, որին պարտությունը երկրորդ հորիզոնականից բերեց-հասցրեց վեցերորդ հորիզոնական):
Ֆրանսիայի առաջնությունում «Մոնակոն» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Սենտ Էտիենի» նկատմամբ ու մեկ օրով միանձնյա բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական, սակայն այնպես չէ, որ ՊՍԺ-ն նախորդ տուրում աղյուսակի երրորդ հորիզոնականը յուրացրած «Մարսելին» հյուրընկալվել էր պարտվելու մտադրությամբ: Ավելին, խաղն իր բնույթով այնքան լարված էր, որ հարկ եղածից ավելի ջանադրության համար հանդիպման մրցավարը խաղի երեսունմեկերորդ րոպեին դաշտից հեռացրեց Տիագո Մոտային, սակայն անգամ այս պարագայում փարիզցիները կարողացան հասնել հաղթանակի` 2:1:
Ընդհանուր գծերով ահա այսպիսին են եղել եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների առաջին եռյակը կազմածների մրցելույթները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ